0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

15 փաստ Ռոման Բերեզովսկու մասին, որոնք պետք է իմանալ

Ներկայացնում ենք «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու մասին 15 առավել հետաքրքիր փաստեր։


1987թ. Սուխումի. մարզիչ Սերգեյ Կայֆաջյանի թիմը (վերևի շարքի կենտրոնում Ռոման Բերեզովսկին է)

1. Ռոման Բերեզովսկին ծնվել է 1974թ.-ի օգոստոսի 5-ին, Երևանում։ Նրա ծնողները 1970-ականների սկզբներին աշխատանքի բերումով տեղափոխվել էին Հայաստան՝ մասնակցելու Արփա-Սևան ջրատար համալիրի կառուցման աշխատանքներին, որից հետո բնակարան են ստացել և որոշել հաստատվել Հայաստանում։

Ներքևի շարքում աջից չորրորդը՝ Ռոման Բերեզովսկի

2. Արդեն 7 տարեկանից Բերեզովսկին սկսել է իր առաջին քայլերը կատարել ֆուտբոլում։ Ավելորդ չէ նշել, որ Ռոմանի՝ որպես ֆուտբոլիստ կայացմանը մեծապես նպաստել է նրա ավագ եղբայրը՝ Ալեքսանդր Բերեզովսկին, ով նրանից մեծ է 14 տարով։ Առաջին անգամ նա Ռոմանին ֆուտբոլով զբաղվելու համար տարել է իր համակուրսեցի ընկերոջ՝ Սերգեյ Կայֆաջյանի մոտ, ով ինստիտուտն ավարտելուց հետո միանգամից մարզչական աշխատանքի է անցել «Փյունիկի» ներկայիս մարզադպրոցում, որն այդ տարիներին կոչվում էր Oլիմպիական ռեզերվի մանկապատանեկան դպրոց, իսկ դրանից հետո՝ Երևանի ֆուտբոլի դպրոց (ԵՖԴ): Հենց Սերգեյ Կայֆաջյանն էլ դարձել է Ռոման Բերեզովսկու առաջին մարզիչը։

Պատանի դարպասապահ Ռոման Բերեզովսկին 

3. Հավանաբար ոչ բոլորին է հայտնի այն փաստը, որ դեռևս պատանի տարիքում Բերեզովսկին հանդես է եկել որպես առջևի գծի խաղացող և բնավ դարպասապահ չի եղել։ Ավելին, նույնիսկ վատ չի սկսել այդ դիրքում, իսկ դարպասապահի դերին անցնելը պատահական է ստացվել. Հանդիպումներից մեկում թիմի դարպասապահը շատ անհաջող է հանդես եկել, իսկ երբ հերթական գնդակն ընդունել է ոտքերի արանքով, դա արդեն թիմի մարզչին վերջնականապես վրդովվեցրել է և այդ պահին նա առաջարկել է Ռոմանին կանգնել դարպասում և փորձել իրեն դարպասապահի դիրքում։ Ահա այդպես սկիզբ է դրվել Ռոման Բերեզովսկու դարպասապահի կարիերային։

1992թ. Կապանի «Սյունիք» թիմը

4. 16 տարեկանում Բերեզովսկին Երևանի «Կոշկագործի» կազմում սկսել է հանդես գալ 1991թ.-ի ԽՍՀՄ Երկրորդ ստորին լիգայի առաջնությունում։ Հաջորդ՝ 1992թ.-ի մրցաշրջանի առաջին հատվածում նա այդ թիմի կազմում ելույթ է ունեցել Հայաստանի անդրանիկ առաջնությունում՝ անցկացրած 9 խաղում բաց թողնելով 12 գոլ, իսկ առաջնության երկրորդ խաղաշրջանում տեղափոխվել է Կապանի «Սյունիք», որի կազմում անցկացրած 13 խաղում բաց է թողել 30 գոլ։

5. 1992թ.-ի մրցաշրջանից հետո, Ռոման Բերեզովսկին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ սկզբում խաղալով տեղի քաղաքային «Զվեզդա» սիրողական թիմի կազմում, այնուհետև հանդես է եկել «Կոսմոս-Կիրովեցում» (1993թ.), Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» (1994-2000թթ.), «Սմենա-Սատուրնում» (1995թ.), Մոսկվայի «Տորպեդոյում» (2001թ.), «Դինամոյում (2002-2005թթ.) և մերձմոսկովյան «Խիմկիում» (2006-2011թթ.)։ 2012թ.-ի փետրվարին, Ռոման Բերեզովսկին վերադարձել է Մոսկվայի «Դինամո» և 3 տարի անցկացնելով դինամոյականների կազմում, 2015թ.-ի հուլիսին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

6. 2000թ.-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Բերեզովսկու համար պաշտոնական առաջարկ է ստացել ֆրանսիական «Սենտ-Էտյենից», որից հետո Ռոմանը մեկնել է Ֆրանսիա, բուժզննում անցել և նախնական 4 տարվա համաձայնագիր է կնքել։ Այդ տեղափոխության արժեքը պետք է կազմեր 1,8 միլիոն դոլար։ Նույն տարի հունիսին նույնիսկ ծրագրվել էր Բերեզովսկու հրաժեշտի միջոցառումը «Զենիթում», որտեղ նա մարզադաշտի վազքուղյակով պետք է պատվո շրջան կատարեր և ողջուներ մարզասերներին: Սակայն գործարքը վերջին պահին այդպես էլ չի կայացել, ոչ միայն այն պատճառով, որ Բերեզովսկուն չեն բավարարել անձնական պայմանագիրն, այլ նաև նրա մոտ կասկածներ էր հարուցել այն փաստը, որ ֆրանսիական թիմում պետք է հանդես գար կեղծ հունական անձնագրով: Դա արվում էր այն բանի համար, քանի որ Ֆրանսիայում կար լեգեոներների սահմանափակում և ֆուտբոլիստն ունենալով եվրոպական երկրի անձնագիր, չէր համարվի լեգեոներ։

7. 1997թ.-ին Ռոման Բերեզովսկին «Սպորտ-Էքսպրեսի» վարկածով ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահ (միջին գնահատականը՝ 6.26 ) և ընդգրկվել է առաջնության 10 լավագույն ֆուտբոլիստների մեջ։ Նույն մրցաշրջանում նա ճանաչվել է նաև «Զենիթի» տարվա լավագույն խաղացող։

1999թ.-ի մրցաշրջանի արդյունքներով Բերեզովսկին տեղ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) կողմից կազմված ամենամյա 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ ընդգրկվելով լավագույն 3 դարպասապահների մեջ։ 2007թ.-ին ճանաչվել է մերձմոսկովյան «Խիմկիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Իսկ 2015թ.-ին «Զենիթի» հիմնադրման 90-ամյակի առթիվ Zenit-history.ru-ի կողմից տեղ է զբաղեցրել ակումբի պատմության լավագույն դարպասապահների հնգյակում։

Ռոման Բերեզովսկու բոլոր հետ մղած 11 մետրանոցները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում

8. Ռոման Բերեզովսկին համարվում է ԽՍՀՄ և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում հետ մղած 11 մետրանոցների քանակով ռեկորդակիրը (14)։

1996թ.-ին «Կամազի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության իր նորամուտի խաղում, Բերեզովսկին երկրորդ կեսում փոխարինելով «Զենիթի» դարպասապահ Ալեքսանդր Պրիխոդկոյին, ընդամենը 12 րոպե անց կարողացել է կռահել Ռոբերտ Եվդոկիմովի իրացրած 11 հարվածի ուղղությունը՝ հետ մղելով իր առաջին 11 մետրանոցը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում։

Վերջին անգամ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում Բերեզովսկին 11 մետրանոց հետ է մղել 2009թ.-ին՝ «Խիմկիի» կազմում, երբ կարողացել էր հաղթող դուրս գալ Նալչիկի «Սպարտակի» հարձակվող Շամիլ Ասիլդարովի հետ դիմակայությունում։

9. Բերեզովսկին նաև Լև Յաշինի անվան խորհրդանշական ակումբի անդամ է, որտեղ նա ընդգրկվել է Ռուսաստանում հանդես գալու ընթացքում պաշտոնական խաղերում 100 և ավելի «չոր» հանդիպումներ անցկացնելու շնորհիվ։ Նրա անվան դիմաց կա 107 «չոր» անցկացրած հանդիպում (103-ը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, 3-ը՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, 1-ը՝ եվրոգավաթներում)։

1999թ. Ռուսաստանի գավաթակիր Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 

10. Չնայած իր երկարատև կարիերային, այդուհանդերձ, Ռոման Բերեզովսկու միակ արժեքավոր տիտղոսը «Զենիթի» կազմում 1999թ.-ի Ռուսաստանի գավաթը նվաճելն է եղել։ Բերեզովսկին նաև 2006թ.-ին «Խիմկիի» հետ դարձել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ներկայիս Ֆուտբոլի Ազգային Լիգա) հաղթող։

11. «Զենիթի» կազմում հանդես գալու ընթացքում Ռոմանին սկսել են հրավիրել Հայաստանի երիտասարդական հավաքական, որի կազմում իր առաջին հանդիպումը նա անցկացրել է 1994թ.-ի սեպտեմբերին, Բելգիայի երիտասարդական հավաքականի դեմ արտագնա խաղում։ Այդ մրցավեճում Բերեզովսկին խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում, սակայն 26-րդ րոպեին Ռոման Բերեզովսկին վերջին հույսի խախտման համար հեռացվել է խաղադաշտից, իսկ դրանից հետո մեր երիտասարդականը 7 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը։

1996թ. Ռոման Բերեզովսկին Պորտուգալիայի հավաքականի դեմ Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտի խաղից առաջ

12. Հայաստանի ազգային հավաքականում Ռոման Բերեզովսկու նորամուտը կայացել է 1996թ.-ի օգոստոսի 31-ին, Աշխարհի 1998թ.-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիայի հավաքականի դեմ մեկնարկային խաղում, որտեղ Բերեզովսկուն հաջողվել է դարպասն անառիկ պահել և օգնել մեր ընտրանուն պատվավոր ոչ-ոքի խաղալ։ Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղերը Ռոմանի համար խորհրդանշական են եղել ոչ մեկ անգամ. 2007թ.-ի նոյեմբերի 17-ին, նույն հավաքականի դեմ նա անցկացրել է իր հոբելյանական՝ 50-րդ հանդիպումը ազգային ընտրանու կազմում, իսկ 2015թ.-ի հունիսին 13-ին, Բերեզովսկին հավաքականի կազմում իր վերջին պաշտոնական խաղն անցկացրեց հենց Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղում:

Ընդհանուր առմամբ, Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 խաղ։

13. Բերեզովսկուն է պատկանում ընտրական մրցախաղերում Հայաստանի ազգային հավաքականի դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով ռեկորդը (300 րոպե)։ Այդ անխոցելիության շարքը սկսվել էր 2013թ.-ի հունիսի 7-ից, երբ Մալթայի հավաքականի դեմ խաղի 8-րդ րոպեին գոլ ընդունելով Մայքլ Միֆսուդի հարվածից հետո, այնուհետև Բերեզովսկին դարպասն անառիկ էր պահել մինչև նույն տարվա հոկտեմբերի 11-ին կայացած Բուլղարիայի հավաքականի դեմ խաղի 61-րդ րոպեն, երբ Իվելին Պոպովին հաջողվել էր գրավել նրա դարպասը։

14. Բերեզովսկին 21 անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ավագի թևկապով։ Առաջին անգամ նա հավաքականի ավագի պարտականությունները ստանձնել է 2005թ.-ի մարտի 26-ին, Աշխարհի 2006թ.-ի առաջնության ընտրական փուլի Անդորրայի հավաքականի դեմ երևանյան խաղում, իսկ վերջին անգամ ավագի թևկապով խաղադաշտ է դուրս է եկել ազգային հավաքականի կազմում իր հրաժեշտի խաղում՝ 2016թ.-ի մարտի 25-ին, Բելառուսի ընտրանու դեմ։

15. Թեպետ Ռոման Բերեզովսկու կարիերան հարուստ չէ նվաճած մրցանակներով, սակայն հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար նա մեկ անգամ չէ, որ արժանացել է պետական բարձր պարգևների։ Այսպես, 1999թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ Բերեզովսկին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով՝ դառնալով Հայաստանում առաջին ֆուտբոլիստն, ով արժանացել է նման բարձր կառավարական պարգևի։ 2011թ.-ի նոյեմբերին, ՀՀ նախագահի հրամանագրով՝ պարգևատրվել է նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Իսկ 2016թ.-ին ազգային հավաքականի կազմում իր հրաժեշտի խաղի միջոցառմանն արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի։


Վերջին նորություններ