0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

1 հուլիս, 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 26-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 7). 17.09.2019 «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 1-2

Գոլերը՝ Դենիս Մահմուդով, 12 (0-1), Արաս Օզբիլիզ, 59 (0-2), Անդրանիկ Քոչարյան, 82 (1-2)

2-րդ խաղաշրջան (Տուր 16). 29.02.2020 «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» 2-0

Գոլերը՝ Արաս Օզբիլիզ, 33, 11մ. (1-0), Կառլեն Մկրտչյան, 41 (2-0)

Անցումային խումբ, 7-10-րդ տեղեր (Տուր 22). 13.06.2020 «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 1-0

Գոլը՝ Աբդուլ Քարիմ Նիկիեմա, 55 (1-0)

Ավարտին է մոտենում Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը, որն անցկացվեց նոր ձևաչափով։

Եթե լավագույն վեցնյակի թիմերը դեռ ունեն անցկացնելու 3 տուր և մրցանակային տեղերի հարցը նոր ուժով է բորբոքվել, ապա 7-10-րդ տեղերի համար անցումային խմբի թիմերն առաջիկա տուրից հետո կավարտեն իրենց ելույթները։

Ցավոք, ընթացիկ առաջնությունն անհաջող ստացվեց «Փյունիկի» համար, թեև մրցաշրջանից առաջ սպասելիքները շատ էին մեր թիմից և «Փյունիկը» համարվում էր չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտներից մեկը։

Ավելորդ չէ նշել, որ մեր թիմը վերջին 18 տարիների ընթացքում առաջին անգամ չի մասնակցի եվրոգավաթների խաղարկություններին։

Հիշեցնենք, որ 2002/03թթ. մրցաշրջանից սկսած՝ «Փյունիկն» անընդմեջ հանդես էր եկել եվրոգավաթներում։

Բարձրագույն խմբի 25-րդ տուրում, «Փյունիկը» հյուրընկալվեց «Ուրարտուին» և կարողացավ հաղթել 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Ժոզեֆ Ադահ Օման՝ խփելով իր առաջին գոլը «Փյունիկում» անցկացրած պաշտոնական խաղերում։

Մեր թիմն ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների անհաջող շարքը։

Հաջորդ՝ 26-րդ տուրում «Փյունիկը» կանցկացնի իր վերջին խաղն ընթացիկ առաջնությունում՝ սեփական հարկի տակ ընդունելով «Գանձասար-Կապանին»։

Այս առաջնությունում կայացած նախորդ 3 խաղերում, «Փյունիկը» երկու անգամ հաղթել է «Գանձասար-Կապանին», իսկ մեկ խաղում էլ հաջողությունն ուղեկցել է կապանցիներին։ 

Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին կայացած առաջին խաղաշրջանի խաղում, «Փյունիկը» կարողացավ առավելության հասնել 2-1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Դենիս Մահմուդովը և Արաս Օզբիլիզն, ով այդ խաղում խփեց իր առաջին գոլը «Փյունիկում»։

Երկրորդ խաղաշրջանի հանդիպումը տեղի ունեցավ այս տարվա փետրվարի 29-ին, որն առաջնության գարնանային հատվածի մեր թիմի առաջին խաղն էր։ Առաջին կեսում Արաս Օզբիլիզի հստակ իրացրած 11 մետրանոցի և Կառլեն Մկրտչյանի հեռահար հարվածով խփած հիանալի գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց 2-0 հաշվով։ Ի դեպ, դա մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու առաջին խաղն էր «Փյունիկի» ղեկին։

Երկու թիմերի միջև վերջին խաղը կայացել է հունիսի 13-ին, երբ Աբդուլ Քարիմ Նիկիեմայի խփած միակ գոլը վճռեց հանդիպման ելքը և «Գանձասար-Կապանը» 1-0 հաշվով հաղթանակ տարավ։

Ավելացնենք, որ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 1-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 19։00-ին։

Վերջին նորություններ