0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ուրարտու» խաղին ընդառաջ

Օգոստոսի 23, 19:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 2-րդ տուր

«Փյունիկն» Արտակ Օսեյանի գլխավորությամբ իր մրցելույթները սկսեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/21թթ. առաջնությունում` առաջին տուրում հյուրընկալվելով «Արարատին»։

Մեր թիմն ունենալով խաղային և տարածքային առավելություն, ցավոք, խաղավերջում գոլ ընդունեց սեփական դարպասն ու 0-1 հաշվով ցավալի պարտություն կրեց։ Չնայած դրան, «Փյունիկն» իր խաղով լավ տպավորություն թողեց։

«Արարատի» դեմ մրցավեճում, «Փյունիկի» կազմում պաշտոնական խաղերում իրենց նորամուտը նշեցին Անտոն Կոբյալկոն, Ալեքսանդր Պրիմաել Յեուլեն, Արտյոմ Ավանեսյանը, Մուհամեդ Յուսուֆ Լադանը և Ստանիսլավ Բուչնևը։ Վերջին երկուսն իրենց անդրանիկ խաղն անցկացրին նաև Հայաստանի առաջնությունում։

«Փյունիկի» կազմում կրկին հանդես եկան Գոռ Մալաքյանն ու Արթուր Գրիգորյանն, ովքեր նախորդ տարիներին մեր թիմում խաղալու փորձ արդեն ունեցել էին։

Նշենք, որ վերջին անգամ «Փյունիկն» առաջնությունը պարտությամբ մեկնարկել էր 2016/17թթ. մրցաշրջանում, երբ առաջին տուրում 1-3 հաշվով պարտվել էր «Շիրակին»։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Փյունիկն» ընթացիկ առաջնության իր առաջին տնային խաղում կընդունի «Ուրարտուին»։

Նախորդ առաջնությունում «Փյունիկի» և «Ուրարտուի» միջև կայացած 4 խաղերում թիմերը 2-ական հաղթանակ էին տարել։

2019/20թթ. առաջնության իր մեկնարկային խաղում մեր թիմը հյուրընկալվելիս 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, իսկ երկրորդ խաղաշրջանում «Ուրարտուին» հաջողվել էր 2-1 հաշվով ռևանշի հասնել։

Հաջորդ երկու հանդիպումները կայացան 7-10-րդ տեղերի համար անցումային խմբի շրջանակներում։ Թիմերը կրկին միմյանց նկատմամբ հաղթանակ տարան հյուրընկալվելիս. «Ուրարտուն» նորից հաղթեց 2-1 հաշվով, իսկ «Փյունիկը»` 1-0։

«Փյունիկը» և «Ուրարտուն» նախորդ մրցաշրջանում հանդիպել էին նաև VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում, որտեղ հետխաղյա 11 մետրանոց  հարվածաշարում հաջողությունը ժպտացել էր «Ուրարտուին»։

Ավելացնենք, որ «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին, «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19։30-ին։

Խաղը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը։

Վերջին նորություններ