0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ուրոշ Նենադովիչը և Արտակ Դաշյանը՝ «Կլուժի» դեմ խաղալու իրենց նախորդ փորձի և առաջիկա խաղերի մասին

Ընդամենը մի քանի օրից «Փյունիկը» մեկնարկելու Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Մեր թիմի կազմում կան ֆուտբոլիստներ՝ ի դեմս Ուրոշ Նենադովիչի և Արտակ Դաշյանի, ովքեր 2018թ․-ին Երևանի «Ալաշկերտի» կազմում Եվրոպա Լիգայի խաղարկության շրջանակներում մրցել են «Կլուժի» դեմ (0:2, 0:5)։

«Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում մեր ֆուտբոլիստները խոսել են «Կլուժի» դեմ խաղալու իրենց նախորդ փորձի և այդ թիմի դեմ առաջիկա խաղերի մասին։

- Անշուշտ, վիճակահանությամբ մեզ կարող էր բաժին ընկնել ավելի հարմար մրցակից, քանի որ այս փուլում «Կլուժն» ամենաուժեղ թիմերից մեկն էր,- նշեց Ուրոշ Նենադովիչը։ Ամեն դեպքում, մեզ մնում է միայն լրջորեն նախապատրաստվել յուրաքանչյուր խաղին: Կարծում եմ, որ հիմա ֆուտբոլում բոլորն էլ ունեն հաղթելու հնարավորություն: Առաջին հանդիպումը լինելու է մեր հարկի տակ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լավ արդյունքի հասենք այս խաղում։

«Կլուժը» բարձրակարգ թիմ է և ունի մեծ բյուջե։ Նրանք ամեն տարի ներքին առաջնությունում պայքարում են միայն չեմպիոնության համար։ Նշեմ, որ Ռումինայի առաջնությունը շատ ուժեղ է։

Երբ ես հետհայացք եմ գցում չորս տարի առաջ, «Կլուժն» իսկապես շատ ուժեղ թիմ էր, բայց երբ ես այդ ժամանակ «Ալաշկերտում» էի, մենք եվրոգավաթներում խաղալու այդքան մեծ փորձ չունեինք։ Միգուցե դա էր պատճառը, որ մենք զիջեցինք այդպիսի խոշոր հաշվով։

Կարծում եմ, որ հիմա մեր թիմում կան շատ փորձառու խաղացողներ և այս տարի մենք կարող ենք ավելի լավ արդյունք ցույց տալ և ինչու ոչ` նաև հաղթել։ Կտեսնենք։

Մենք Դիլիջանում ուսումնամարզական հավաք ենք անցկացրել և քրտնաջան աշխատել ենք։ Մարզիչը գոհ է մեր կատարած աշխատանքից: Մենք աստիճանաբար լավ մարզավիճակով ենք մոտենում առաջիկա խաղին։ Կարծում եմ՝ մեր մարզչական շտաբը լավ գիտի, թե ինչպես պատրաստի մեզ այս խաղին և մշակի տակտիկական իրենց մտահաղացումները։ Մենք պետք է պատրաստ լինենք այս խաղում մեր առավելագույն ուժերը ներդնելու համար և հուսանք, որ լավ արդյունքի կհասնենք։

Ուրոշ Նենադովիչը՝ «Կլուժի» դեմ խաղում (2018թ․), լուսանկարը՝ Vivaro News-ի

- 2018թ․-ին «Ալաշկերտի» կազմում մասնակցել եմ «Կլուժի» դեմ պատասխան խաղին, Ռումինիայում և կարող եմ ասել, որ այն ժամանակ տեխնիկապես լավ պատրաստված թիմ էր,- ասաց Արտակ Դաշյանը։

Արդեն ուսումնասիրել ենք «Կլուժին», բայց չէի ցանկանա համեմատել այն ժամանակվա ու ներկայիս թիմերը։ Նրանց իրական ուժն ավելի լավ կերևա խաղադաշտում։

Մեր թիմը լավ է նախապատրաստվել և ուսումնամարզական հավաքն ընթացել է ըստ ծրագրվածի։ Իմ կարծիքով՝ «Փյունիկը» պատրաստ է առաջիկա հանդիպումներին։

 

Վերջին նորություններ