0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ֆուտբոլիստներն՝ ազգային հավաքականներում

Կայացան Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլերի վերջին երկու տուրերի հանդիպումները, որտեղ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ հանդես եկան իրենց երկրների ազգային հավաքականների կազմերում:


Հայաստանի ազգային հավաքականը, որտեղ «Փյունիկից» հրավիրվել էին՝ Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը և Հովհաննես Հարությունյանը, B դիվիզիոնի շրջանակներում մրցեց Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականների հետ:

Ուկրաինայի դեմ տնային խաղում, որն ավարտվեց մեր թիմի 0-5 հաշվով ջախջախիչ պարտությամբ, Հայաստանի հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին Դավիթ Յուրչենկոն և Արտակ Դաշյանն, իսկ Հովհաննես Հարությունյանը փոխարինման մտավ ընդմիջումից անմիջապես հետո:

Երեք օր անց, իռլանդացիների դեմ (2-3) գերլարված մրցավեճում, «Փյունիկի» ներկայացուցիչներից այս անգամ մեր ընտրանու մեկնարկային կազմում ընդգրկված էր միայն Դավիթ Յուրչենկոն, իսկ Արտակ Դաշյանը փոխարինման մտավ երկրորդ կեսի միջնամասում: Փոխարինման մտնելուց 10 րոպե անց, Դաշյանին հաջողվեց դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը՝ խփելով նաև իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում, սակայն խաղավարտին նա երկրորդ զգուշացման պատճառով հեռացվեց խաղադաշտից: Մեր մյուս ֆուտբոլիստները՝ Հովհաննես Հարությունյանը և Ստանիսլավ Բուչնևը մնացին պահեստայինների նստարանին:


Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, որն ընդգրկված էր C դիվիզիոնում, արտագնա խաղում ուժերը չափեց Վրաստանի հետ և պարտվեց 0-2 հաշվով: Հյուրերի մերկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ մեր թիմի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին, ով փոխարինվեց 68-րդ րոպեին: Երեք օր անց, հյուսիսիմակեդոնացիները տանը նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեցին Բուլղարիային, իսկ Սպիրովսկին այս անգամ փոխարինման մտավ 61-րդ րոպեին:

D դիվիզինում հանդես եկող Էստոնիայի հավաքականն առանց մեր թիմի պաշտպան Նիկիտա Բարանովի, սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն: Հաջորդ խաղում էստոնացիները հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Սան Մարինոյի hավաքականի դարպասն, իսկ Բարանովն այս խաղում խաղաժամանակ ստացավ՝ փոխարինման մտնելով 61-րդ րոպեին:

Մոլդովայի հավաքականը, որը հանդես էր գալիս D դիվիզիոնում, հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն, իսկ մոլդովացիների կազմում 84-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ մեր թիմի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը: Խմբային փուլի վերջին տուրում մոլդովացիները 2-1 հաշվով առավելության հասան Լիխտենշտեյնի նկատմամբ, սակայն Կոչուկն այս անգամ խաղադաշտ դուրս չեկավ:
 

Վերջին նորություններ