«Փյունիկի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն ստիպված էր կիսատ թողնել ուսումնամարզական հավաքը ու մեկնել Հռոմ քաղաք` վիրահատության: Ուկրաինացի ֆուտբոլիստը պատռել է ձախ ծնկի խաչաձև կապանները մարզումներից մեկի ժամանակ: Ակումբի մամուլի ծառայությանը փորձառու ֆուտբոլիստը պատմեց վնասվածքի, վիրահատության ու վերականգման ընթացքի մասին:
-Ողջույն, Սերգեյ: Մի քանի օր առաջ Հռոմի մասնագիտացված կլինիկաներից մեկում ենթարկվեցիք ծնկի վիրահատության: Ինչպե՞ս է հիմա Ձեր ինքնազգացողությունը:
-Առաջին օրը շատ դժվար էր, բայց վնասվածքների և վիրահատությունների դեպքում միշտ էլ այդպես է: Հիմա ինձ ամեն օր ավելի ու ավելի լավ եմ զգում։ Աշխատում եմ ռեաբիլիտոլոգների, ֆիզիոթերապևտների հետ, պրոցեդուրաներ եմ կատարում, աշխատում ծնկիս վրա: Հետաքրքիր է, որ վիրահատությունից հետո այստեղ ոչ ոք հենակներով չի քայլում, պետք է փորձել միանգամից ինքնուրույն քայլել` ցավի ու ջանքերի միջով. սա է կլինիկայի յուրահատկությունն ու մոտեցումը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին, թիմակիցներին, որոնք աջակցել են, օգնել, ինչ-որ բան հուշել վիրահատությունից առաջ, շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին և երկրպագուներին: Կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին. նրանք վիրահատությունը կազմակերպեցին աշխարհի լավագույն կլինիկաներից մեկում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները հետագա վերականգնման համար: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է զգալ և հասկանալ, որ նա պետք է թիմին:
-Արձակուրդից հետո Դուք արդեն մարզումներ էիք անցկացնում ընդհանուր խմբում, բայց, վերջիվերջո դիմեցիք վիրահատական միջամտության: Ի՞նչ է իրականում պատահել:
-«Սլովանի» հետ խաղից առաջ վնասվածք ստանալուց հետո դադար վերցրի ու շատ խաղերի չկարողացա մասնակցել, իսկ առաջնության առաջին հատվածի ավարտին վերականգնվեցի։ Այդ ընթացքում շատ ու տքնաջան աշխատել եմ, կոփել մկաններս: Բանն այն էր, որ բուժզննումը ցույց էր տվել, որ մասամբ վնասվել էին խաչաձև կապաններս: Մենք հավատում էինք, որ հնարավոր կլինի ոտքի կանգնել առանց վիրահատության: Արձակուրդից հետո երկու շաբաթ նորմալ մարզվեցի ընդհանուր խմբում, բայց երբ հասանք ծանր և ինտենսիվ մարզումների փուլին, դրանցից մեկի ժամանակ ես ամբողջովին պատռեցի կապանները, և ՄՌՏ-ն դա հաստատեց:
-Սա Ձեր կարիերայի ամենածանր վնասվածքն է: Որքա՞ն դժվար է հոգեբանական տեսանկյունից ապրել առանց ֆուտբոլի:
-Այո՛, սա ամենալուրջ վնասվածքն է, այն աստիճան, որ վիրահատություն պահանջվեց։ Բայց հոգ չէ, սա ֆուտբոլ է, այստեղ ամեն ինչ էլ հնարավոր է:
-Վերականգման հարցով ի՞նչ կանխատեսումներ են անում բժիշկները, հնարավո՞ր է, որ այս մրցաշրջանում Ձեզ նորից տեսնենք խաղադաշտում:
-Վերականգնման ժամկետները կախված անհատից կարող են տարբեր լինել` 5-ից մինչև 9 ամիս, բայց որքան հնարավոր է շատ կաշխատեմ, ջանք չեմ խնայի, որպեսզի ավելի շուտ վերադառնամ, քանի որ ֆուտբոլն իմ կյանքն է դեռ մանկուց։ Հասկանում եմ, որ դժվար լինելու թե՛ հոգեբանորեն, և թե՛ ֆիզիկապես, ցավի միջոցով, բայց դա միայն կուժեղացնի ինձ, կվերականգնվեմ, ավելի լավը կդառնամ ու կօգնեմ «Փյունիկի» ընտանիքին։
*