0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր առաջիկա մրցակցին. «Ալեքսանդրիա» ՖԱ

Ալեքսանդրիայում առաջին ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1948 թվականին։ Այն կոչվում էր «Շախտյոր» և հանդես էր գալիս ֆիզիկական կուլտուրայի թիմերի մրցաշարում։ 90-ականներին «Պոլիգրաֆտեխնիկան» դառնում է քաղաքի ներկայացուցիչը առաջնությունում։ Մեկ տասնամյակ այն ելույթներ էր ունենում Ուկրաինայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում, որտեղ երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալները, իսկ 2000/01 մրցաշրջանի արդյունքներով բարձրացել է երկրի գլխավոր լիգա։ Մեկ տարի անց ակումբը լուծարվել էր և վերակազմավորվել 2004 թվականին՝ արդեն «Ալեքսանդրիա» անունով։ Մինչև 2011 թվականը թիմը երրորդ դիվիզիոնից հասել է ուժեղագույնների պայքար, իսկ 2014 թվականին այն միավորվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ «ՈւկրԱգրոԿոմի» հետ։ Հենց այսպես է ստեղծվել «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբը, որն արդեն 8 տարի ներկայացնում է քաղաքը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում։

2016/17 և 17/18 մրցաշրջաններում թիմը խաղացել է Եվրոպա լիգայի որակավորման փուլերում, իսկ 2019 թվականին ազգային առաջնությունում բրոնզե մեդալների շնորհիվ՝ նորամուտն է նշել վերոնշյալ մրցաշարի խմբային փուլում։

Ալեքսանդրիացիները երկու անգամ դուրս են եկել Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչ (15/16 և 20/21):

Ռուսլան Ռոտանի գլխավորությամբ «Ալեքսանդրիան» այս պահին ընթանում է ուկրաինական Պրեմիեր լիգայում 5-րդ տեղով: Հետաքրքրական է, որ Ռոտանին մարզում է նաև Ուկրաինայի երիտասարդական հավաքականը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա բազմիցս դարձել է ազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող, իսկ 2014/15 մրցաշրջանում «Դնեպրի» հետ հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ։

«Ալեքսանդրիայի» ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողը կիսապաշտպան Վլադիսլավ Կալիտվինցևն է (1 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt-ի): Ուկրաինական թիմի պաշտպան Անդրեյ Ցուրիկովը ամենաշատ հանդիպումներն է անցկացրել «Ալեքսանդրիայի» կազմում` 109 խաղ, որը 15-րդ ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։

«Ալեքսանդրիայում» խաղում է նաև Օլեգ Կոժուշկոն, որը 2021 թվականին «Փյունիկի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

«Փյունիկ»-«Ալեքսանդրիա» ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին, իսկ ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Մեր թիմին մաղթում ենք հաջող ու արդյունավետ խաղ:

Վերջին նորություններ