0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ 2006»-ը՝ Հայաստանի Մ18 գավաթի հաղթող

Հայաստանի մինչև 18 տարեկանների գավաթի եզրափակիչում «Փյունիկ 2006»-ը 2-1 հաշվով հաղթեց «Ուրարտու 2005»-ին: Մեր թիմից գոլերը հեղինակեցին Էրիկ Մարգարյանը և Արթուր Միխաելյանը: Խաղը բարդ ընթացք ունեցավ մեզ համար․ 63-րդ րոպեին «Ուրարտուից» հաշիվը բացեց Կարեն Թալասյանը, բայց մեր տղաները կամային հատկանիշներ դրսևորեցին և կարողացան հաղթանակի հասնել:

Խաղից հետո «Փյունիկ 2006»-ի գլխավոր մարզիչ Արամ Գյուլբուդաղյանը խոսեց տպավորությունների մասին:

«Դժվար խաղ ստացվեց, տղաները պայքարեցին մինչև վերջ, չեմ ցանկանա որևէ մեկին առանձնացնել, բոլորը արժանի էին այս չեմպիոնությանը»:

Մեր թիմը փլեյ-օֆֆ փուլում 3-1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիա 06»-ին, քառորդ եզրափակիչում 2 անպատասխան գնդակ ուղարկել «Ուրարտու 06»-ի դարպասը, իսկ կիսաեզրափակիչում խոշոր՝ 9-0 հաշվով հաղթել «Շիրակ 06»-ին:

Մեր ֆուտբոլիստները հաղթանակը նվիրեցին նախորդ տարվա սեպտեմբերին Իշխանասարի մարտերի ընթացքում զոհված Ռոբերտ Հայրապետյանին:

«Ռոբերտը իմ ավագ ընկերն էր, մարտի դաշտում ընկել է՝ մինչև վերջին փամփուշտը կռիվ տալով: Հաղթանակը նրա գլխավորությամբ նվիրում ենք բոլոր հերոս տղաներին, նրանց շնորհիվ է, որ հիմա կարողանում ենք ուրախանալ»,-նշեց հանդիպման հերոսներից Արթուր Միխաելյանը մեր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Շնորհավորում ենք ամբողջ թիմին ու անձնակազմին չեմպիոնության առթիվ:

Վերջին նորություններ