Երեք չեմպիոն, երկու գավաթակիր․ Ամփոփում ենք «Փյունիկի» ակադեմիայի թիմերի մրցաշրջանը

«Փյունիկի» ակադեմիան ներկայացնող թիմերը ամբողջությամբ ավարտեցին իրենց մրցելույթները Հայաստանի մանկապատանեկան առաջնությունների 2022/23 մրցաշրջանում։

Ընդհանուր առմամբ, մեր թիմերը նվաճեցին 5 տիտղոս. «Փյունիկ 2006»-ը և «Փյունիկ 2011-1»-ը դարձան գավաթակիրներ, իսկ «Փյունիկ 2007»-ը և «Փյունիկ 2010-1»-ը հաղթեցին առաջնություններում: Նվաճում ունեցանք նաև Հայաստանի Կանանց Առաջին խմբում, որտեղ չեմպիոն դարձան «Փյունիկ Աղջիկները»:

Ակումբի մանկապատնեկան գծով ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյանը խոսեց ավարտված մրցաշրջանի մասին և տվեց ամփոփիչ գնահատական գրանցած արդյունքների վերաբերյալ:

«Մրցաշրջանի արդյունքները համարում եմ բավարար, չնայած նրան, որ նախորդ տարի ավելի արդյունավետ էինք: Մեր թիմերը ապահովեցին տիտղոսներ և մեդալներ, սակայն պետք է քայլ առաջ կատարել, որի համար աշխատելու տեղ ունենք: Հատկանշական է, որ 2022/23 մրցաշրջանին ամեն տարիքային թիմից առնվազն 6 ֆուտբոլիստ հրավիրվել է հավաքական, ընդհանուր՝ մոտ 50 երեխա»:

Մեր թիմերը բացի ներքին առաջնություններից, մասնակցեցին նաև մրցաշարերի Ռուսաստանում և Հայասատանում՝ դառնալով մեդալակիրներ:


«Փյունիկ 2011-1»

Հովհաննես Բարբարյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնությանը Մ4 ենթախմբում և նույն տարիքայինների գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2011-1»-ը հաղթեց գավաթի խաղարկությունում՝ եզրափակիչի հետխաղյա
11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելով «Փյունիկ 2010-1»-ից: Առաջնությունում Հովհաննես Բարբարյանի սաները ենթախմբում զբաղեցրին առաջին տեղը ու վճռորոշ խաղում կրկին մրցեցին «Փյունիկ 2010-1»-ի հետ, սակայն այս անգամ չկարողացան հաղթանակ տոնել:


«Փյունիկ 2010-2»

Արսեն Ավետիսյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնությանը Մ1 ենթախմբում և նույն տարիքայինների գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2010-2»-ը առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ վաստակած 35 միավորով: Գավաթի խաղարկությունում «Փյունիկ 2010-2» թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց
Վահրամ Դերմիշյանի «Փյունիկ 2010-1»-ին:

Արսեն Ավետիսյանի թիմից մրցակիցների համար անհասանելի էր Գագիկ Գրիգորյանը, որը 32 գոլով դարձավ Մ1 ենթախմբի լավագույն ռմբարկու:


«Փյունիկ 2010-1»

Վահրամ Դերմիշյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնությանը Մ3 ենթախմբում և նույն տարիքայինների գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2010-1»-ը գավաթի խաղարկությունում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով Հովհաննես Բարբարյանի թիմին: Առաջնությունում մեր սաները տպավորիչ արդյունք գրանցեցին և դուրս եկան եզրափակիչ, որտեղ հաղթեցին «Փյունիկ 2011-1»-ին՝ դառնալով չեմպիոն։

Վահրամ Դերմիշյանի թիմից առաջնությունում տպավորիչ արդյունքով աչքի ընկավ Հայկ Գրիգորյանը՝ խփած 42 գոլով դառնալով լավագույն ռմբարկու: 


«Փյունիկ 2009-2»

Գևորգ Սարգսյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 15 տարեկանների առաջնությանը C2 խմբում և նույն տարիքայինների գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2009-2»-ը առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ վաստակած 37 միավորով և դուրս եկավ CF խմբի փլեյ օֆֆ, որտեղ եզրափակիչում 2:4 հաշվով զիջեց «Սարդարապատին»: Գավաթի խաղարկությունից Գևորգ Սարգսյանի թիմը դուրս էր մնացել քառորդ եզրափակիչ փուլից՝ պարտվելով «Ուրարտուին»:

«Փյունիկ 2009-1»

Սարգիս Նազարյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 15 տարեկաննների առաջնությանը Ա խմբում և այդ տարիքայինների գավաթի խաղարկությանը: Գավաթային ճանապարհը «Փյունիկ 2009-1» թիմի համար ավարտվեց քառորդ եզրափակիչում՝ «Վանաձոր-08»-ից կրած պարտությամբ: Առաջնությունում թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ վաստակած 41 միավորով: «Փյունիկ 2009»-ը հունիսի սկզբին մասնակցեց Simon Cup մրցաշարին, որտեղից մեր տղաները վերդարաձան արծաթե մեդալներով: 

«Փյունիկ 2009-1» թիմից Անդրանիկ Երվանդյանը մրցաշրջանը ավարտեց 27 գոլով՝ դառնալով լավագույն ռմբարկու:

«Փյունիկ 2008»-1

Սևակ Արամյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 16 տարեկանների առաջնությանը Ա խմբում և այդ տարիքայինների գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2008-1»-ը գավաթի խաղարկությունից դուրս մնաց քառորդ եզրափակիչից՝ 0-1 հաշվով պարտվելով «Ակադեմիային»: Առաջնությունում մեր թիմը 2-րդն էր 33 միավորով: Սևակ Արամյանի սաները այս տարի 2 մրցաշարի մասնակցեցին․ Սոչիից և Simon Cup մրցաշարերից տղաները վերադարձան բրոնզե մեդալներով:

«Փյունիկ 2007-2»

Լևոն Ստեփանյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնությանը Ա խմբում և գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2007-2»-ը առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը՝ վաստակած 12 միավորով: Գավաթի խաղարկությունից Լևոն Ստեփանյանի թիմը դուրս մնաց քառորդ եզրափակիչից՝ 2:3 հաշվով պարտվելով «Շիրակին»:

«Փյունիկ 2007-1»

Դավիթ Գրիգորյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությանը Բ խմբում և նույն տարիքայինների գավաթի խաղարկությանը: Մեր թիմը տպավորիչ տեսք ուներ առաջնությունում․ 18 խաղից հետո Դավիթ Գրիգորյանի սաները 18 հաղթանակ էին տոնել, իսկ չեմպիոնության հասան վաղաժամ: «Փյունիկ 2007-1» թիմի համար վատ դասավորվեց գավաթի խաղարկությունը, որտեղ պարտություն եղավ 1/8-րդ եզրափակիչում «Նոայից»: Դավիթ Գրիգորյանի թիմը մարտ ամսին մեկնել էր Ռուսաստանի Սոչի քաղաք՝ մասնակցելու մրցաշարի: Մեր թիմը հրաշալի մրցակցություն ապահովեց ռուսական հայտնի ակումբների ակադեմիաների համար և վերադարձավ արծաթե մեդալներով:

Հայաստանի առաջնությունում մեր թիմի վաղաժամ հաղթանակից բացի, կար ևս մեկ ինտրիգ, Զավեն Խուդավերդյանը վերջին տուրում շրջանցեց իր մրցակցին և 22 գոլով դարձավ լավագույն ռմբարկու:

«Զավենը լավ ֆուտբոլիստ է, մեծ պոտենցիալ ունի, ամենակարևորը՝ աշխատասեր է»,- նշեց Դավիթ Գրիգորյանը։


Գլխավոր մարզիչն ամփոփեց նաև մրցաշրջանը՝ գոհունակություն հայտնելով տղաների ցուցադրած խաղի և ցույց տված արդյունքների վերաբերյալ։

«Հայաստանի առաջնությունում խնդիրներ չեղան, ի սկզբանե, գիտեինք,որ չեմպիոն ենք դառնալու, անկախ նրանից,ո ր տարիքով մեծ մրցակիցների հետ էինք պայքարում: Սոչիի մրցաշարն էլ կգնահատեմ գերազանց, մեծ փորձ էր, որը հարկավոր է բոլորին, պատրաստ ենք նոր մարտահրավերներին»:  


«Փյունիկ 2006»

Արամ Գյուլբուդաղյանի թիմը մասնակցում էր Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության Ա խմբին և նույն տարիքայինների գավաթի խաղարկությանը: «Փյունիկ 2006»-ը առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ վաստակած 37 միավորով: Արամ Գյուլբուդաղյանի թիմի համար չեմպիոնական էր գավաթի խաղարկությունը, որտեղ եզրափակիչում հաղթանակ տարավ «Ուրարտուի» հասակակիցների նկատմամբ 2:1 հաշվով:

Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության Ա խմբի լավագույն ռմբարկու դարձավ «Փյունիկ 2006»-ի ֆուտբոլիստ Արթուր Մանուկյանը՝ 14 գոլով:

«Արթուրը խաղադաշտում կարող է նկատելի չլինել, բայց կատարում է այնպիսի աշխատանք, որը չեմ կարող չգնահատել: Նա աշխատասեր է և տաղանդավոր, բայց ամենակարևորը թիմի համար օգտակար ֆուտբոլիստ է»,-նշեց Արամ Գյուլբուդաղյանը։

Գլխավոր մարզիչը առանձնացրեց նաև թիմի ցուցադրած կամային որակները։

«Առաջնությունը 2-րդ տեղով ավարտելուց հետո, տղաները իրենց մեջ ուժ գտան և պայքարեցին գավաթի համար: Ամեն հնարավորն արել ենք յուրաքանչյուր խաղում հաղթելու համար, շնորհակալ եմ իմ թիմից: Ուրախ եմ նաև, որ իմ սաներից շատերը հրավիրվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ»:

«Փյունիկ Ակադեմիա»

Ռոման Սիմոնյանի թիմը մասնակցում էր Հայաստանի Առաջին խմբին: Մեր թիմը առաջնությունը ավարտեց 7-րդ տեղով: Մրցաշրջանի ընթացքում շատ ֆուտբոլիստներ հրավեր ստացան Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականից: Առաջին խմբի աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն Վրեժ Չիլոյանն էր՝ 18 գոլով, որը 2023 թվականին վնասվածք ստացավ և արդյունքում, իր տեղը զիջեց մրցակցին: Ռոման Սիմոնյանի թիմից Կառլեն Հովհաննիսյանը, Վրեժ Չիլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը այս տարի մասնակցեցին «Փյունիկի» առաջին թիմի արտասահամանյան հավաքին՝ մի քանի հանդիպմանը ընդգրկվելով գլխավոր թիմի հայտացուցակում:

«Փյունիկ Աղջիկներ»

Արմեն Բարեղամյանի թիմը մասնակցում էր Հայաստանի Կանանց Առաջին խմբին: Մեր աղջիկները ընդգրկված էին առաջին ենթախմբում և  զբաղեցնելով 2-րդ տեղը՝ ձեռք էին բերել փլեյ-օֆֆի ուղեգիր: Արմեն Բարեղամյանի թիմը կիսաեզրափակիչում 4-0 հաշվով պարտության է մատնել «Շիրակին» և վճռորոշ խաղում՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավելության հասել «Սյունիք Աղջիկներ» թիմի նկատմամբ:

«Աղջիկները մինչև վերջ հավատում էին այս հաջողությանը և մենք հասանք դրան: Բոլորից շուտ էինք սկսել ձմեռային մարզումները, մեծ աշխատանք էինք կատարել և արդյունքը այս տիտղոսն էր»,-ամփոփեց մրցաշրջանը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բարեղամյանը:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին ու մաղթում հաջողություն սպասվելիք մրցաշրջանում։

Վերջին նորություններ