«Փյունիկ Ակադեմիայի» մարզչական շտաբում 2023/24 մրցաշրջանից առաջ տեղի են ունեցել փոփոխություններ և համալրումներ:
Ռոման Սիմոնյանի փոխարեն թիմը գլխավորել է Դավիթ Գրիգորյանը, որը մինչև այդ մարզում էր «Փյունիկ 2007-1»-ը: Նախորդ մրցաշրջանում Գրիգորյանը իր թիմի հետ դարձել էր Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության Բ խմբի հաղթող, ինչպես նաև դարձել Սոչիում անցկացվող մանկապատանեկան մրցաշարի փոխչեմպիոն:
«Ես իմ աշխատանքում միշտ մեծ նպատակներ եմ ունենում: Մեր ակադեմիայի հնարավորություններով պետք է հղկենք երիտասարդներին և աշխատենք բացառապես որակի ուղությամբ»,-ասաց Գրիգորյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
40-ամյա մասնագետին օգնելու են Հովհաննես Բարբարյանը և Ստեփան Հարությունյանը: Հովհաննես Բարբարյանը նախորդ մրցաշրջանում գլխավորել է «Փյունիկ 2011-1»-ը և, մրցելով մեկ տարով բարձր տարիքայինների խմբում, դարձել Հայաստանի մինչև 13 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող ու դուրս եկել առաջնության եզրափակիչ: Ստեփան Հարությունյանը նախորդ մրցաշրջանում եղել է մարզչի օգնական «Փյունիկ 2009-1» թիմում:
Թիմում որպես վերլուծաբան կաշխատի Վահրամ Դերմիշյանը: 27-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում «Փյունիկ 2010-1» թիմի հետ հաղթել էր Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնությունում:
«Փյունիկ Ակադեմիայի» հետ ֆիզպատրաստության գծով աշխատելու է Հայկ Ոսկանյանը: Դարպասապահների մարզիչը կշարունակի մնալ Վլադիմիր Վարդանյանը:
Թիմի բժշկական անձնակազմում են ընդգրկված Վահագն Օրդյանը և Վարդգես Իսարելյանը:
Նոր մարզչական շտաբին մաղթում ենք հաջողություն գալիք մրցաշրջանում: