«Փյունիկը» ուսումնամարզական հավաքի ընթացքում շարունակում է անցկացնել ստուգողական հանդիպումներ: Մեր թիմը ընկերական խաղի շրջանակում մրցեց Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասիի» հետ և հաղթեց 4:2 հաշվով:
Առաջին խաղակեսի մեկնարկում մրցակիցը ուներ գոլ խփելու հնարավորություն, սակայն Բուչնևը օգնության հասավ մեր թիմին: 20-րդ րոպեին «Օրդաբասիի» ֆուտբոլիստի հեռվից կատարած հարվածից հետո մեր դարպասապահը անվստահ գործեց, իսկ վրա հասած Ռեգինալդոն գնդակը ուղարկեց «Փյունիկի» դարպասը: Մեր ֆուտբոլիստներից, մասնավորապես, Լուկա Յուրիչիչից 4 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Մինչև խաղակեսի ավարտը մեր թիմը ավելացրեց. նախ Լուկաս Վիլելան միայնակ եզրից ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և առաջ մղեց մեր թիմին հաշվի մեջ: Հետո արդեն ղազախական թիմի ֆուտբոլիստները սխալվեցին տուգանային հրապարակում, իսկ Արտակ Դաշյանը մեկ հպումով հաշիվը դարձրեց 3:1:
Հանդիպման մնացած գոլերը խփվեցին երկրորդ կեսի մեկնարկում՝ րոպեական տարբերությամբ: Նախ, «Օրդաբասիից», հաշիվը կրճատեց Երկեբուլան Տունգիշբաևը: Այնուհետև, Վագներ Գոնսալվեշը, եզրային հարձակվողին բնորոշ ոճով մտավ տուգանային հրապարակ և գնդակը ուղարկեց մոտ անկյունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը՝ 4:2:
Մեր թիմը հավաքի շրջանակում կշարունակի անցկացնել ստուգողական հանդիպումները: Հաջորդ մրցավեճը կկայանա փետրվարի 7-ին՝ Կարագանդայի «Շախտյորի» դեմ: