0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Էդգար Մանուչարյան. «Որոշում միանգամից կայացրեցի»

«Փյունիկի» նորեկ Էդգար Մանուչարյանը վերադարձից հետո առաջին հարցազրույցն է տվել:

-Էդգար, վերադարձար հարազատ ակումբ: Կիսվիր տպավորություններովդ:

-Տպավորություններս շատ դրական են, որովհետև ինձ համար մեծ նշանակություն ունի վերադառնալ «Փյունիկ», որտեղից սկսել եմ ֆուտբոլային կարիերաս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին և պարոն Սողոմոնյանին, ովքեր վստահեցին ինձ, հույսեր կապեցին ինձ հետ և հրավիրեցին «Փյունիկ»: Ինձ համար անսովոր է, երբ «Փյունիկին» տեսնում եմ նույնիսկ երկրորդ հորիզոնականում, որովհետև «Փյունիկն» այնպիսի թիմ է, որը պետք է միշտ չեմպիոն լինի: Պետք է այնպես անենք, որպեսզի առաջիկա մրցաշրջանում «Փյունիկը» զբաղեցնի առաջին հորիզոնականը: Դժվար մրցաշրջան է սպասվում, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք դառնալ չեմպիոն:

-Մարզչի գործոնի մասին կխնդրեի խոսել: Նրա հետ հասցրել ես աշխատել «Ուրալում»:

-Ես շատ լավ գիտեմ Ալեքսանդր Տարխանովին: Ես խաղացել եմ նրա գլխավորությամբ և գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին: «Փյունիկ» տեղափոխվելու որոշում միանգամից եմ կայացրել: Վստահ եմ, որ շատ բան կարող եմ տալ թիմին:

-«Փյունիկը» առաջ և հիմա: Ի՞նչ տարբերություններ կնշես:

-Հիմա «Փյունիկում» շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ կան և շեշտը դրվում է նրանց վրա: Նախկինում այլ էր: Թիմում շատ էին փորձառու ֆուտբոլիստները և նրանց հետ խաղալով և մարզվելով ես մեծ աճ գրանցեցի: Հիմա էլ կարող եմ ես իմ փորձը փոխանցել երիտասարդներին:

-Որոշե՞լ ես, որ համարով ես խաղալու:

-Ես երբեք համարին ուշադրություն չեմ դարձնում: Կընտրեմ այն համարը, որը կառաջարկեն:

-«Փյունիկի» հետ կապված լավագույն հիշողություններով կկիսվե՞ս:

-Միայն լավ հիշողություններ ունեմ: Հիշում եմ Բարձրագույն խմբում առաջին խաղս, առաջին գոլս, երբ ընդամենը 15 տարեկան էի, լավագույն ռմբարկու դառնալս, Չեմպիոնների լիգայի խաղերը: Առանց «Փյունիկի» ես այսքան տարի չէի խաղա:

-Ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ:

-Վերջին շրջանում բավականին լավ մարզավիճակ եմ ձեռք բերել, թե’ հոգեբանորեն, թե’ ֆիզիկապես: Հիմա պահպանում եմ մարզավիճակս և վստահ եմ, որ լավ մարզավիճակում կներկայանամ հավաքներին և պաշտոնական խաղերին:

Վերջին նորություններ