Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Տրե Ֆիորիի» դեմ պատասխան խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և թիմի կիսապաշտպան Դանիել Աղբալյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Սկզբում մեր թիմի նորեկ Դանիել Աղբալյանը խոսեց «Փյունիկ» տեղափոխվելու, թիմում մրցակցության և «Տրե Ֆիորիի» դեմ առաջին խաղի մասին։
«Եղիշե Մելիքյանը զանգահարեց ինձ և առաջարկեց տեղափոխվել, իսկ ես էլ համաձայնվեցի։ Կարող եմ ասել, որ ամեն ինչ հեշտ ընթացավ։ Թիմում միշտ էլ մրցակցություն պետք է լինի, որպեսզի ֆուտբոլիստները ձգտեն ավելի ուժեղանան և հաղթեն մրցակցությունը։ Առաջին խաղում մեզ միայն մեկ բան չհերիքեց՝ գոլը։ Լինում են նման խաղեր, երբ չի ստացվում գոլ խփել, բայց մենք ամեն ինչ վերլուծել ենք և վստահ եմ, որ վաղվա խաղում հաղթելու ենք»։
Եղիշե Մելիքյանը նշեց, որ առաջին խաղում գրանցված արդյունքը ոչ մի արդարացում չունի, սակայն պատասխան խաղում մեր թիմը վճռական է տրամադրված։
«Անկախ նրանից` պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»։
«Ասեմ, որ մեր թիմում առողջ մթնոլորտ է տիրում և շատ լավ ֆուտբոլիստներ են ընդգրկված։ Պարզապես մի փոքր ժամանակ է հարկավոր, որպեսզի ցույց տանք այն ֆուտբոլը, որը ես ցանկանում եմ տեսնել»։