0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Արարատ» խաղին ընդառաջ

19 օգոստոս, 19:15, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 3-րդ տուր

«Փյունիկն» ավարտեց իր մրցելույթները Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկությունում և մեր թիմն արդեն ամբողջովին կկենտրոնանա ներքին առաջնության վրա։

Ընթացիկ առաջնության իր մեկնարկային խաղում, որը կայացավ նախորդ տուրում, «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ։

«Ուրարտուի» դեմ խաղում մեր թիմի խաղացողներ Անտոն Բելովը, Անտոնիո Ստանկովը, Ստանիսլավ Եֆիմովը և Ալեքսանդր Գալիմովն իրենց նորամուտը նշեցին Հայաստանի Բարձրագույն խմբում, իսկ Անդրիյա Դրագոևիչն իր 50-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Փյունիկն» առաջնությունում իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 10-ի, որոնցից 9-ը մեր թիմն անցկացրել է Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ՝ տանելով 7 հաղթանակ և 2 խաղ ավարտելով ոչ-ոքի։

Առաջիկա տուրում «Փյունիկն» ընդունելու է Երևանի «Արարատին», որը առաջին 2 տուրերից հետո վաստակել է 6 միավոր և ընթանում է առաջատարների թվում ։

Նախորդ առաջնությունում «Արարատի» դեմ կայացած 4 խաղերից 3-ում հաջողությունն ուղեկցել էր մեր թիմին, իսկ մեկ հանդիպում ավարտվել էր արարատցիների հաղթանակով։

Նշենք, որ նախապես այս հանդիպումը պետք է կայանար «Հանրապետական» մարզադաշտում, սակայն գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով մարզադաշտի խոտածածկը մասնակիորեն վնասվել էր և խաղը տեղափոխվեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ և կսկսվի ժամը 19։15-ին։ Խաղը կսպասարկի Սուրեն Բալիյանը։

Ավելացնենք, որ «Արարատի» դեմ խաղում մեր թիմին կրկին չի կարողանա օգնել որակազրկված Էրիկ Վարդանյանը։

Վերջին նորություններ