
«Փյունիկ» - «Երևան» խաղին ընդառաջ
30 օգոստոս, 18:00, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 5-րդ տուր
Ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Այս անգամ մեր թիմը մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»։
Վերջին անգամ «Փյունիկը» նման անհաջող մեկնարկ ունեցել էր 2016/17թթ. մրցաշրջանում, երբ մեկնարկային 3 տուրերում Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկը» կրել էր 2 պարտություն՝ այդ խաղերից մեկում կրկին հյուրընկալվելիս զիջելով «Շիրակին» 1-3 հաշվով։
Ընդ որում, դեռևս նախորդ մրցաշրջանից սկսած «Փյունիկն» առաջնության արտագնա խաղերում շուրջ 1 տարի պարտություն չէր կրել, որը կազմում էր 15 խաղ։ Վերջին անգամ մեր թիմն առաջնության խաղերում մրցակցի հարկի տակ պարտվել էր նախորդ տարվա օգոստոսի 29-ին՝ զիջելով «Բանանցին» 2-4 հաշվով։
Նշենք, որ «Շիրակի» դեմ խաղում մեր թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն իր 50-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբում։
Հաջորդ տուրում «Փյունիկն» ընդունելու է Բարձրագույն խմբի նորեկ «Երևանին», որն անցկացրած 4 խաղերում կրել է նույնքան պարտություն և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հատկանշական է, որ «Երևանի» հետ մեր թիմը վերջին անգամ առաջնության շրջանակներում հանդիպել է 21 տարի առաջ։ 1998թ.-ի մրցաշրջանի ընթացքում ճգնաժամի մեջ հայտնված «Փյունիկը», որի կազմից հեռացել էին մի շարք առաջատար խաղացողներ, չկարողացավ դիմադրություն ցույց տալ այդ ժամանակ Հայաստանի գործող չեմպիոններին և պարտվեց 0-5 հաշվով։
Այդ մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկը» լուծարվեց, իսկ հաջորդ՝ 1999թ.-ի առաջնության ավարտից հետո կազմալուծվեց նաև «Երևանը»։
Շուրջ երկու տասնամյակ անց երկու թիմերի առաջին հանդիպումը կայանալու է վաղը՝ օգոստոսի 30-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18:00-ին։ Խաղը սպասարկելու է Հենրիկ Նալբանդյանը։
Ավելացնենք, որ «Երևանի» դեմ առաջիկա խաղում «Փյունիկին» չի կարողանա օգնել պաշտպան Արմեն Մանուչարյանն, ով «Շիրակի» դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել։