
5 հոկտեմբեր, 15։00, Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 10-րդ տուր
«Փյունիկը» շարունակում է անկայուն ելույթները Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում: Մեր թիմը կրեց 5-րդ պարտությունն, այս անգամ մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով զիջելով իր սկզբունքային մրցակից «Արարատ-Արմենիային»։
Գործող չեմպիոնի դեմ խաղում Արազ Օզբիլիսն իր 2-րդ գնդակը խփեց «Փյունիկի» կազմում, իսկ մեր թիմի լավագույն ռմբարկուն Արթուր Միրանյանն է, ով դարձել է 4 գոլի հեղինակ։ Ընդհանրապես, Միրանյանն առայժմ ամենաշատ գոլն է խփել առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մեջ։
Ընդգծենք, որ ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղերում «Փյունիկը» խփել է 16 գնդակ և «Ալաշկերտից» հետո արդյունավետությամբ 2-րդ թիմն է Բարձրագույն խմբում։ Սակայն մեր թիմը նաև շատ է բաց թողնում և առաջնությունում ամենաշատ գոլեր բաց թողած 2-րդ թիմն է։
Այս պահին «Փյունիկը» վաստակած 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։ Ընդ որում, «Փյունիկը» միակ թիմն է, որը դեռևս ոչ-ոքի չի խաղացել։
Առաջիկա 10-րդ տուրով կմեկնարկի Բարձրագույն խմբի 2-րդ խաղաշրջանը։ Մեր թիմը մրցակցի հարկի տակ հյուրընկալվելու է Վանաձորի «Լոռիին»:
Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» ու «Լոռին» արդեն հանդիպել են միմյանց հետ, երբ Բարձրագույն խմբի 1-ին տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» կարողացավ 3-1 հաշվով հաղթել վանաձորյան թիմին։ Այդ հաղթանակով մեր թիմը կարողացավ ընդհատել «Լոռիի» դեմ տնային խաղերում ունեցած տխուր վիճակագրությունը։
Նախորդ առաջնությունում թիմերի միջև կայացած 6 հանդիպումներում (ներառյալ՝ գավաթային երկու խաղերը), եթե «Լոռին» հյուրընկալվելիս բացահայտ առավելություն ուներ մեր թիմի նկատմամբ, ապա Վանաձորում կայացած խաղերում առավելությունը եղել է «Փյունիկի» օգտին։ Մեր թիմը տարել էր մեկ հաղթանակ և երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի:
Հենց Վանաձորում կայացած վերջին հանդիպումն ունեցավ սկանդալային ավարտ, որի կրքերը մինչ օրս չեն մարվում, երբ երկրորդ կեսում մրցավար Արտակ Սիմոնյանի չնշանակած բացահայտ 11 մետրանոցը «Փյունիկին» զրկեց ոչ միայն թանկարժեք 2 միավորից, այլ նաև չեմպիոն դառնալու իրական շանսերից։
Ավելացնենք, որ «Լոռի» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 15։00-ին։
Հանդիպումը սպասարկելու է Աշոտ Ղալթախչյանը։