0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ուրարտու» խաղին ընդառաջ

20 հոկտեմբեր, 17:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 11-րդ տուր

Ազգային հավաքականների խաղերի հետ կապված կարճատև դադարից հետո կրկին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։

Նախորդ տուրում, որով մեկնարկեց առաջնության 2-րդ խաղաշրջանը, «Փյունիկը» Վանաձորում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Լոռիի» հետ։

Դա մեր թիմի առաջին ոչ-ոքին էր ընթացիկ առաջնությունում։ Մինչ այդ, «Փյունիկը տարել էր 4 հաղթանակ և կրել 5 պարտություն։

«Լոռիի» դեմ խաղում առաջնությունում իր հերթական գոլը խփեց մեր թիմի հարձակվող Արթուր Միրանյանն, ով այս պահին իր ակտիվում ունի 5 գոլ և ռմբարկուների պայքարում բաժանում է 2-4-րդ տեղերը։

Նշենք, որ ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» իր խփած գոլերի թիվը հասցրեց 18-ի և այդ ցուցանիշով առաջնության ամենաարդյունավետ թիմն է։ Փոխարենը մեր թիմը բաց է թողել 20 գնդակ և առաջնության հետնապահ «Երևանից» հետո դա վատագույն արդյունքն է։

Այս պահին «Փյունիկը» վաստակած 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։ Նախորդ առաջնության մեկնարկային 10 խաղերում մեր թիմը վաստակել էր 18 միավոր և տվյալ ժամանակահատվածի համեմատ ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 5 միավոր պակաս է վաստակել։

Հաջորդ տուրում «Փյունիկն» ընդունելու է «Ուրարտուին», որը մրցաշարային աղյուսակում գտնվում է մեր թիմի հարևանությամբ։

Ընթացիկ առաջնությունում իր առաջին հանդիպումը «Փյունիկն» անցկացրեց հենց «Ուրարտուի» դեմ, երբ օգոստոսի 11-ին կայացած 2-րդ տուրի մրցավեճում հյուրընկալվելիս կարողացավ 3-0 հաշվով հաղթանակ տանել։

Առաջիկա խաղից առաջ «Փյունիկի» կազմում շարք է վերադարձել վնասվածքից ապաքինված Անտոնիո Ստանկովն, ով նաև մասնակցել է մի քանի օր առաջ կայացած Մոսկվայի «Դինամոյի» դեմ ստուգողական հանդիպմանը։ Այդ խաղին մեր թիմի կազմում տևական դադարից հետո կրկին հանդես եկավ նաև Ալիկ Առաքելյանն, ով դեռևս նախորդ առաջնությունում ստացած վնասվածքից հետո ստիպված էր երկար ժամանակ բաց թողնել։

Ավելացնենք, որ «Փյունիկ» - «Ուրարտու» խաղը կայանալու է վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Հանրապետական մարզադաշտում և կսկսվի ժամը 17։30-ին։

Հանդիպումը կսպասարկի Արթուր Սաֆարյանը։

Վերջին նորություններ