0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Արարատ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

27 հոկտեմբեր, 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 12-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 3). 19.08.2019 «Փյունիկ» - «Արարատ» 1-4 Գոլեր՝ Դենիս Դեդեչկո, 44 (0-1), Արտյոմ Սիմոնյան, 65 (1-1), Զավեն Բադոյան, 79 (1-2), Զավեն Բադոյան, 85 (1-3), Վեսլեն Ժունիոր, 90+2 (1-4)

Նախորդ տուրում «Փյունիկը» 6-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում։ Այս անգամ մեր թիմը սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց գրեթե ողջ հանդիպումը 10 հոգով անցկացրած «Ուրարտուին» և թույլ տվեց վերջինիս ընդհուպ մոտենալ իրեն մրցաշարային աղյուսակում։

«Փյունիկը» շարունակում է նաև ունենալ բաց թողած գոլերի անհաջող ցուցանիշ. մեր թիմը 11 խաղում բաց է թողել 22 գնդակ և միայն առաջնության հետնապահ «Երևանն» է «Փյունիկից» ավելի շատ գոլ ընդունել սեփական դարպասը (30)։

Հատկանշական է, որ «Ուրարտուի» դեմ խաղում տևական դադարից հետո մեր թիմի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանն իր առաջին խաղն անցկացրեց ընթացիկ առաջնությունում։ Փոխարենը բացակայում էր «Փյունիկի» գլխավոր ռմբարկու Արթուր Միրանյանն, ով վնասվածք էր ստացել Հայաստանի ազգային հավաքականի նախորդ մարզումներից մեկում։      

Ինչպես հայտնի է, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունն անցկացվում է նոր ձևաչափով, ըստ որի թիմերը նախ 2 խաղաշրջանով մրցելու են իրար հետ, ապա 6 ուժեղագույն թիմերը կրկին 2 խաղաշրջանով վիճարկելու են մրցանակային տեղերը։ Իսկ վերջին 4 տեղ գրաված թիմերը պայքարելու են Բարձրագույն խմբում իրենց տեղը պահպանելու համար։

Այդ իսկ պատճառով «Փյունիկի» համար մնացած 7 հանդիպումներից յուրաքանչյուր խաղի ելքը մեծ կարևորություն ունի, քանզի նախորդ խաղերում կորցնելով չափից շատ միավորներ, այս պահին մեր թիմը գտնվում է 7-րդ տեղում և 4 միավորով հետ է մնում 6-րդ տեղում ընթացող «Նոայից»։

Ավելորդ չէ նշել, որ «Փյունիկը» 17 տարի անընդմեջ՝ 2002-2019թթ. մասնակցել է եվրոգավաթների խաղարկություններին և եթե ստացվի այնպես, որ այս անգամ մեր թիմը զրկվի եվրագավաթային ուղեգրերից, ապա դա շատ լուրջ ձախողում կլինի։

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Բարձրագույն խմբի 12-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» մրցելու է «Արարատի» հետ, որն ընթանում է առաջատարների թվում։

Առաջին խաղաշրջանում թիմերի միջև կայացած խաղում 4-1 հաշվով հաղթանակ էին տարել արարատցիները։ Դա մեր թիմի առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում։

Ավելացնենք, որ «Արարատ» - «Փյունիկ» խաղը կսկսվի ժամը 16։00-ին։

Հանդիպումը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանը։

Վերջին նորություններ