0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ուրարտու» խաղին ընդառաջ

2 նոյեմբեր, 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Վաղը «Փյունիկն» իր մրցելույթները կսկսի Հայաստանի Գավաթի 2019/20թթ. խաղարկությունում։

Դեռևս հուլիսին կայացած վիճակահանության արդյունքում մեր թիմը 1/8-րդ եզրափակչում հանդիպելու է «Ուրարտուի» հետ։

Ինչպես հայտնի է, գավաթի այս խաղարկության նախնական փուլում առաջինը պայքարի մեջ էին մտել Առաջին խմբի նորաստեղծ թիմերը և ինչպես նախնական փուլում, այնպես էլ 1/8 և 1/4 եզրափակիչներում թիմերը հաղթողին պարզելու են մեկ խաղով, իսկ կիսաեզրափակիչները բաղկացած կլինեն երկու հանդիպումից։ Հիշեցնենք, որ գավաթը նվաճած թիմն իրավունք կստանա հանդես գալու Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությունում։

Հաշվի առնելով այն, որ ներքին առաջնությունում «Փյունիկի» գործերը հաջող չեն ընթանում, գավաթի ընթացիկ խաղարկությանը մեր թիմն ամենայն լրջությամբ է մոտենալու, քանզի առաջնությունում անհաջողության մատնվելու դեպքում՝ եվրոգավաթներում հանդես գալու «Փյունիկի» վերջին հույսը կլինի գավաթը նվաճելը։

Նախորդ խաղարկությունում «Փյունիկը» անհաջող հանդես եկավ և մրցաշարին ներգրավվելով քառորդ եզրափակչից, երկու խաղերի արդյունքով (0-2,1-1) զիջեց Վանաձորի «Լոռիին»։

Նշենք, որ «Փյունիկն» իր պատմության ընթացքում 8 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր և այդ ցուցանիշով ռեկորդակիր է։ Վերջին անգամ մեր թիմը գավաթին տիրացել է 2014/15թթ. խաղարկությունում, իսկ եզրափակչում վերջին անգամ հանդես է եկել 2016/17թթ. խաղարկության ժամանակ, որտեղ վճռորոշ խաղում 0-3 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»։

Հատկանշական, որ մեր թիմի ներկայիս խաղացողներից Արթուր Քարտաշյանը, Ռոբերտ Հակոբյանը, Հովհաննես Պողոսյանը, Կառլեն Մկրտչյանը, Արտակ Եդիգարյանը և Էդգար Մանուչարյանը նախորդ տարիներին «Փյունիկի» կազմում դարձել են գավաթակիր։  

Ավելացնենք, որ «Փյունիկ» - «Ուրարտու» խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 16։00-ին։

Հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը։

Վերջին նորություններ