0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

8 նոյեմբեր, 18:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 13-րդ տուր

«Փյունիկին» շարունակում է հետապնդել անհաջողությունների շղթան, որից մեր թիմը չի կարողանում դուրս գալ։ Առաջնությունում անհաջող ելույթներին հետևեց նաև Հայաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալը։ 1/8-րդ եզրափակչում «Փյունիկը» հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց «Ուրարտուին» և դա նշանակում է, որ այս մրցաշրջանում մեր թիմի համար միակ ճանապարհը եվրոգավաթային ուղեգիր նվաճելու համար մնում է առաջնության մնացած խաղերում հաջող հանդես գալը։

Սակայն ներքին առաջնությունում «Փյունիկի» գործերը ևս հաջող չեն ընթանում։ Նախորդ տուրում մեր թիմը 2-4 հաշվով պարտվեց «Արարատին» և շարունակում է 4 միավորով հետ մնալ 6-րդ տեղում ընթացող «Նոայից»։   

Ընդ որում, առաջնության երկրորդ խաղաշրջանում «Փյունիկին» մնացել է անցկացնել 6 հանդիպում, որից 3-ը կկայանան ձմեռային դադարից հետո։

Ինչպես հայտնի է, մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն այսուհետ զբաղեցնելու է զարգացման գծով ակումբի փոխնախագահի պաշտոնը, իսկ «Փյունիկի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տարխանովի օգնական Սուրեն Չախալյանը։ Վերջինս նախկինում արդեն նման փորձ ունի. 2011/12թթ. ընթացքում Չախալյանը շուրջ 1 տարի գլխավորել է «Փյունիկը»։

Հաջորդ 13-րդ տուրում մեր թիմն ընդունելու է առաջնության առաջատարներից մեկին՝ Գյումրիի «Շիրակին», որին «Փյունիկը» զիջել էր առաջին խաղաշրջանում։

Օգոստոսի 25-ին Բարձրագույն խմբի 4-րդ տուրում կայացած այդ խաղում «Շիրակը» կարողացավ Գյումրիում 3-1 հաշվով առավելության հասնել մեր թիմի նկատմամբ։

Նշենք, որ «Փյունիկի» լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանն արդեն ապաքինվել է և մասնակցեց «Ուրարտուի» դեմ գավաթային խաղին, իսկ մեր թիմի առաջատարներից Էրիկ Վարդանյանն, ով «Արարատի» դեմ խաղից հետո որակազրկվել էր 6 ամսով, արդեն կարիերան շարունակելու է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սոչիում»։

Ավելացնենք, որ «Փյունիկ» - «Շիրակ» խաղը կկայանա նոյեմբերի 8-ին, «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 18։30-ին։

Վերջին նորություններ