0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ելույթները թվերով և փաստերով

Ներկայացնում ենք Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային հատվածում «Փյունիկի» ելույթներն ամփոփող 25 փաստեր։

Առաջնության առաջին հատվածում «Փյունիկը» ղեկավարեցին 2 մարզիչներ. Բարձրագույն խմբի մեկնարկից մինչև 12-րդ տուրը «Փյունիկը» հանդես եկավ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ, իսկ աշնանային հատվածի վերջին 3 հանդիպումներում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Սուրեն Չախալյանը։

Անցկացրած 15 խաղերից հետո «Փյունիկն» իր ակտիվում ունի 20 միավոր։ Մեր թիմը 9 միավոր վաստակել է սեփական հարկի տակ, իսկ 11 միավոր՝ արտագնա խաղերում։

Ամենախոշոր հաշվով հաղթանակը «Փյունիկը» տարել է «Երևանի» նկատմամբ՝ 8-2 հաշվով, իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է «Արարատից» (1-4):

«Փյունիկը» խփել է 31 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 2,07 գոլ), որը լավագույն արդյունքն է Բարձրագույն խմբի թիմերի մեջ։

Փոխարենը մեր թիմը նաև շատ է բաց թողել՝ սեփական դարպասն ընդունելով 29 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,93 գոլ)։ Միայն առաջնության հետնապահ «Երևանն» ունի ավելի վատ ցուցանիշ (53):

«Փյունիկն» առավել արդյունավետ է գործել խաղի 75-ից մինչև 90-րդ րոպեների ընթացքում՝ խփելով 10 գնդակ։ Ավելի ցածր արդյունավետություն գրանցել է 45-ից 60-րդ րոպեներն ընկած ժամանակահատվածում, որտեղ աչքի է ընկել ընդամենը 1 անգամ։

15 հանդիպումներից 14-ում «Փյունիկը» գրավել է մրցակիցների դարպասը։ Միայն 6-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ (0-3) խաղում է մեր թիմը դաշտից հեռացել առանց խփած գոլի։

«Փյունիկի» օգտին նշանակվել է 4 11 մետրանոց հարված, որից 3-ն իրացվել են և 1 հարված հետ է մղել մրցակցի դարպասապահը: Ի վնաս «Փյունիկի» նշանակվել է 5 11 մետրանոց հարված, որից 4 հարվածներն անվրեպ են եղել, իսկ 1 հարված շեղ է ընթացել։

Առաջնության խաղերում «Փյունիկն» առայժմ առավել հաջող է հանդես եկել «Երևանի» դեմ, որին առաջին խաղաշրջանում հաղթել է 4-1, իսկ երկրորդ խաղաշրջանում՝ 8-2 հաշվով։

Իսկ ամենաանհաջող ցուցանիշը մեր թիմն ունի «Արարատի» դեմ խաղերում՝ երկու խաղաշրջաններում 1-4 և 2-4 հաշիվներով պարտություն կրելով մրցակցից։

Կայացած 15 խաղերում «Փյունիկի» կազմում հանդես են եկել 27 ֆուտբոլիստներ, որոնցից 13-ը լեգեոներներ էին։

Բոլոր հանդիպումներին մասնակցել են 2 ֆուտբոլիստ՝ Անդրիա Դրագոևիչն ու Սերգեյ Շևչուկը։ 14-ական խաղ են անցկացրել Մաքսիմ Ժեստոկովը, Արտակ Եդիգարյանը և Դենիս Մահմուդովը։

Թիմի գլխավոր ռմբարկուն խփած 9 գնդակով մակեդոնացի Դենիս Մահմուդովն է։ Երկրորդ տեղում Արթուր Միրանյանն է, ով խփել է 6 գնդակ։

«Փյունիկի» կազմում ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Սերգեյ Շևչուկը (7)։

Մեր թիմի ամենաարագ գոլի հեղինակը Արազ Օզբիլիսն է, ով 6-րդ րոպեին գրավել էր «Արարատ-Արմենիայի» դարպասը, իսկ ժամանակային առումով ամենաուշ գոլը խփել է Արթուր Միրանյանը՝ հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գրավելով «Շիրակի» դարպասը։

Միրանյանի՝ «Շիրակի» դարպասը խփած գոլը նաև «Փյունիկի» հոբելյանական՝ 1600-րդ գնդակն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։

«Երևանի» դեմ խաղում Դենիս Մահմուդովի հեղինակած «պոկերն» առաջինն էր «Փյունիկում» նախորդ 16 տարիների ընթացքում։ Վերջին անգամ մեր թիմում նման արդյունքի հասել էր Գալուստ Պետրոսյանն, ով 2003թ.-ի առաջնությունում 4 անգամ գրավել էր Աբովյանի «Կոտայքի» դարպասը։

Առաջնության առաջին հատվածում «Փյունիկի» կազմում հանդես եկած ֆուտբոլիստներից ամենատարեցը՝ 34-ամյա ուկրաինացի Սերգեյ Շևչուկն էր, իսկ ամենաերիտասարդը՝ 16-ամյա Լևոն Վարդանյանն էր, ով իր նորամուտը Բարձրագույն խմբում նշեց «Երևանի» դեմ (8-2) խաղում։

«Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչն անցկացրած 15 խաղում բաց է թողել 29 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,93 գոլ), իսկ դարպասն անառիկ է պահել 2 անգամ։ Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում Դրագոևիչն անցկացրած 13 խաղում բաց էր թողել 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,07 գոլ) և անցկացրել էր 4 «չոր» հանդիպում։

«Փյունիկի» ֆուտբոլիստները ստացել են 34 դեղին և 4 կարմիր քարտ։

Բոլորից շատ զգուշացվել է Քրիստի Մարկուն (4): 3-ական անգամ դեղին քարտ են ստացել Արտակ Եդիգարյանը, Արմեն Մանուչարյանը և Սերոբ Գրիգորյանը։

Մեր թիմի 4 խաղացողներ արժանացել են կարմիր քարտի. Երկրորդ դեղինով խաղադաշտից հեռացվել են Արմեն Մանուչարյանը, Քրիստի Մարկուն և Ռոբերտ Հակոբյանն, իսկ Էրիկ Վարդանյանը դաշտից հեռացվել է ուղիղ կարմիր քարտով:

Ամենաշատ դեղին քարտեր մեր թիմի ֆուտբոլիստներին ցույց է տվել մրցավար Զավեն Հովհաննիսյանը (12), իսկ ամենաքիչը՝ Սուրեն Բալիյանը (1):

Դենիս Մահմուդովը անցկացրած 14 խաղում խփելով 9 գոլ, կարողացավ գոլերի քանակով հավասարվել «Փյունիկում» հանդես եկած ամենաարդյունավետ լեգեոներների լավագույն հնգյակը եզրափակող Կառլ Լոմբեին, սակայն կամերունցին անցկացրել է 64 խաղ։ Այս ցուցանիշով առաջատարը Մարկոս Պիզելին է (31)։

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով՝ Անդրիա Դրագոևիչը (45), Մաքսիմ Ժեստոկովը (39) և Սերգեյ Շևչուկը (30) ընդգրկվեցին Հայաստանի առաջնություններում «Փյունիկի» կազմում ամենաշատ խաղեր անցկացրած լեգեոներների լավագույն տասնյակում։ Այն գլխավորում է մալիացի Մամադու Դիավարան (66)։

 

Վերջին նորություններ