0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Նոա» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

7 մարտ, 14:15, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 17-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 8). 22.09.2019 «Փյունիկ» - «Նոա» 1-2

Գոլերը՝ Մաքսիմ Մայրովիչ, 27 (0-1), Արթուր Միրանյան, 30 (1-1), Դմիտրի Լավրիշչև, 60 (1-2)

«Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց առաջնության գարնանային հատվածում՝ սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ։

Հատկանշական է, որ նախորդ տարի մեր թիմը նույնպես հաղթանակով էր սկսել առաջնության գարնանային փուլն՝ այն ժամանակ 2-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»։

Նշենք, որ «Գանձասար-Կապանի» դեմ խաղում մեր թիմի նորեկ Դմիտրի Մալյական պաշտոնապես իր նորամուտը նշեց «Փյունիկի» կազմում։ Ավելորդ չէ նշել նաև, որ մեր թիմի պաշտպան Արթուր Քարտաշյանն իր առաջին խաղն անցկացրեց ընթացիկ առաջնությունում` կապանյան թիմի դեմ խաղում իր հաշվին գրանցելով նաև գոլային փոխանցում։

Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակեց 23 միավոր և ընդհուպ մոտեցավ 6-րդ տեղի համար պայքարում իր անմիջական մրցակից «Նոային», որն էլ իր հերթին հաշվետու տուրում Գյումրիում 0-3 հաշվով պարտվել էր «Շիրակին»։ Այժմ թիմերին մրցաշարային աղյուսակում բաժանում է ընդամենը 1 միավոր և դրանով իսկ 6-րդ տեղի համար պայքարը նոր ուժով բորբոքվեց։

Եվ ահա առաջիկա տուրում միմյանց հետ կմրցեն հենց «Նոան» և «Փյունիկը»։ Այս մրցավեճի հաղթողը գործնականում լուրջ հայտ կներկայացնի լավագույն վեցյակում հայտնվելու համար, քանի որ առաջնության առաջին փուլի ավարտին մնալու է ընդամենը մեկ տուր։

Թիմերի միջև առաջին խաղաշրջանի խաղում, որը կայացավ 2019թ.-ի սեպտեմբերի 22-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում, «Նոային» հաջողվեց 2-1 հաշվով հյուրընկալվելիս հաղթել «Փյունիկին»։ Մեր թիմի միակ գոլն այդ խաղում խփեց Արթուր Միրանյանը։

Իսկ ահա նախորդ առաջնությունում «Փյունիկը» շատ հաջող էր հանդես եկել մրցակցի դեմ խաղերում, որը դեռևս ելույթ էր ունենում «Արցախ» անվամբ։ Կայացած 4 խաղերից 3-ում հաղթանակ էր տոնել «Փյունիկը», իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Ավելացնենք, որ «Նոա» - «Փյունիկ» խաղը կկայանա վաղը՝ մարտի 7-ին, Երևանի «Նաիրի» մարզադաշտում և կսկսվի ժամը 14։15-ին։

Վերջին նորություններ