0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

23 մայիս, 18:15, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 18-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 9). 30.09.2019 «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» 3-1

Գոլերը՝ Արաս Օզբիլիզ, 6 (0-1), Մաիլսոն Լիմա, 18 (1-1), Անտոն Կոբյալկո 58, (2-1), Պետրոս Ավետիսյան, 70 (3-1)

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված տևական դադարից հետո վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը։ Ըստ մրցակարգի՝ առաջնության առաջին փուլի ավարտին մնացել է անցկացնել ընդամենը 1 տուր, որից հետո լավագույն 6 թիմերը երկու խաղաշրջանով կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը նույն սկզբունքով կմրցեն իրար հետ։

Հիշեցնենք, որ մինչև թիմերի հարկադրված դադարի գնալը, Բարձրագույն խմբի 17-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» մրցեց «Նոայի» հետ, որը գործնականում պետք է որոշեր 6-րդ տեղի հարցը։ Ցավոք, մեր թիմը վճռորոշ խաղում զիջեց 2-4 հաշվով և կորցրեց լավագույն վեցյակում հայտնվելու բոլոր հնարավորությունները։

Այս պահին «Փյունիկը» վաստակած 23 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում «Ուրարտուի» հետ, սակայն վերջինիս հետ անձնական խաղերում մեր թիմն ունի ավելի լավ ցուցանիշ։

Առաջիկա տուրում, որով կավարտվի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը, «Փյունիկն» ընդունելու է գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։ Խաղը կայանալու է վաղը՝ մայիսի 23-ին, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18։15։

Դեռևս թարմ է մնացել այս թիմերի միջև նախորդ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար ծավալված պայքարը, երբ «Արարատ-Արմենիային» հաջողվեց ընդամենը 1 միավորով առաջ անցնել մեր թիմից և նվաճել չեմպիոնի կոչումը։

Ընթացիկ առաջնությունում թիմերի միջև առաջին խաղաշրջանի խաղում, որը կայացել էր նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին, «Փյունիկը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»։ Ընդ որում, խաղի հաշիվը տուգանայինից կատարած հարվածով բացել էր մեր թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը։

Առաջնության շրջանակներում «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» միջև կայացած բոլոր խաղերում առայժմ հավասար ցուցանիշ է. թիմերը 2-ական հաղթանակ են տարել և մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Գոլերի հարաբերակցությունը՝ 8-8։

Նախապատրաստվելով առաջնության վերսկսմանը, «Փյունիկը» մի քանի օր առաջ ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Նոայի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ Մեր թիմի կազմում հաշիվը բացեց Լևոն Վարդանյանն, ով իր անդրանիկ գոլը խփեց «Փյունիկի» գլխավոր թիմում։

Նշենք, որ «Փյունիկը» կադրային խնդիրներով է մոտենում «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին. մեր թիմի 3 լեգեոներներ՝ Սալոմոն Նիրիսարիկեն, Սերգեյ Շևչուկը և Դենիս Մահմուդովը գտնվում են արտերկրում և դեռևս չեն կարող միանալ «Փյունիկին»։

Ինչ վերաբերում է մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկուն, ապա նա արդեն վերադարձել է Հայաստան։

Ավելացնենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Բարձրագույն խմբի առաջիկա տուրի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Վերջին նորություններ