0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Վան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

Օգոստոսի 29, 16:45, Չարենցավան, քաղաքային մարզադաշտ, 3-րդ տուր

«Փյունիկն» իր առաջին միավորը վաստակեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մեկնարկած առաջնությունում՝ նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Ուրարտուի» հետ։ Մեր թիմին դեռևս չի հաջողվում բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում։

2 նորամուտ «Փյունիկում»

«Ուրարտուի» դեմ խաղում «Փյունիկի» կազմում իրենց նորամուտը նշեցին Ջուլիուս Դավիդ Ուֆուոման և Դրամանե Սալուն՝ երկուսն էլ փոխարինման մտնելով 60-րդ րոպեին։

Իսկ Անտոն Կոբյալկոյի համար այս խաղը 50-րդ էր Հայաստանի առաջնությունում։ Ռուս հարձակվողը 48 խաղ անցկացրել է «Արարատ-Արմենիայի» կազմում, 2-ը՝ «Փյունիկի»։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում «Փյունիկը» Չարենցավանում կհյուրընկալվի առաջնության նորեկ «Վանին»։ Սա կլինի թիմերի միջև առաջին պաշտոնական խաղը։

Հանդիպումներ մինչմրցաշրջանային հատվածում

«Փյունիկի» և Չարենցավանի «Վանի» միջև նախորդ երկու հանդիպումները կայացել են մինչմրցաշրջանային հատվածի ընկերական խաղերի շրջանակներում։

Թիմերի առաջին ընկերական խաղը տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսի 28-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նորաստեղծ «Վանը» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկին»։ Մեր թիմն այդ խաղում հանդես եկավ երկրորդ կազմով, քանի որ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստները նախապատրաստվում էին Եվրոպա Լիգայի խաղարկության չեխական «Յաբլոնեցի» դեմ պատասխան խաղին։

«Փյունիկի» և «Վանի» միջև վերջին ընկերական հանդիպումը կայացավ այս տարվա օգոստոսի 6-ին, «Փյունիկի»՝ Դիլիջանում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում։ «Վանին» կրկին հաջողվեց հաղթել «Փյունիկին», այս անգամ՝ 4-2։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Արաս Օզբիլիզը։

Ավելացնենք, որ «Վան» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում և կսկսվի ժամը 16։45-ին։

Խաղը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։

Վերջին նորություններ